ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բաքվի էխոն, Երևանի քար լռությունը

Բաքվի էխոն, Երևանի քար լռությունը
23.08.2024 | 15:50

Ավարտվեց Պուտինի պետական այցը Ադրբեջան:

Այն սկսվեց և ավարտվեց մի խանդավառությամբ, ջանուջիգյարով, պաչիկ ողջագուրանքով, հիացմունք ցնծությունով, հուզիչ երջանկության ելևէջներով ու լիրիկական զեղումներով:

Ինչ խոսք՝ սպասելի էր, պետք չէ զարմանալ:

Ավելի քան երբևէ նրանք մտերմացած են, աշխատում են սինխրոն, գործում միասին:

Սկսած ռուսական նավթն ու գազն Ադրբեջանով Եվրոպային վաճառելով, Արցախը հայաթափելով, վերջացրած «Զանգեզուրի միջանցք» ու վերահսկողություն պահանջելով:

Բիզնես-գործարքով Արցախը Բաքվին, դիմացը՝ գազի տարանցիկություն, միջանցքն էլ լինի՝ «չերեզ» Մեղրի ինչ ուզեն տարվի ու բերվի:

Ինչպես հնչում է հայտնի «Կնքահայր» ֆիլմում՝ «ничего личного, это просто бизнес»:

Եվ այստեղ նեղանալ բնավ պետք չէ:

Քաղաքականության մեջ ամեն ինչ հաշվարկված է, պլանավորած, իսկ էմոցիաները տեղ չունեն:

Իհարկե, Ալիևը կարծում եմ գիտակցում է, որ ՌԴ-ից ու Թուրքիայից ստանալով Արցախը՝ «վարկի մարման» ամեն հաջորդ տրանշ ավելի ծանր է նստելու իր վրա։

Մանավանդ, երբ Պուտինը հստակ հասկացրեց, որ անկախ նրանից, թե Ռուսաստանն այսօր բախվում է խնդիրների հետ, նա չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից։

Այդ ամենը հասկանալով՝ Բաքուն հրաժարվում է վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու քաղաքականությունից և շատ արդյունավետ մանևրում՝ մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, մեծացնելով իր սուբյեկտայնությունը։

Ավելին՝ ԲՐԻԿՍԻ-ն անդամակցելու պատրաստակամության դիմաց նա ստացավ Ռուսաստանի համաձայնությունը Հայաստանը վերածելու թուրքական աշխարհի միջանցքի։

Այդ իսկ պատճառով էլ Ալիևն այս պահին նպատակահարմար է գտնում ասել, որ «ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից» բաց տեքստով Պուտինին առաջարկելով՝ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետություն կառուցել ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի հետ:

Դրա համար է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին էնտուզիազմով հայտարարում է, թե «ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ չկան», դե իսկ ռուսական էլիտան ու քաղաքագետներն էլ հաստատում, որ Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությամբ:

Որ ավելի քան 30 տարի Հայաստանն էր այդպիսի դաշնակից, բայց վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը և Ադրբեջանը սկսել են մերձենալ, և Պուտինի այցը նշանավորեց Ռուսաստանի գլխավոր դաշնակցի՝ այժմ Ադրբեջանի փոփոխությամբ:

Սա այն է, ինչ սովորաբար նման դեպքերում մեջբերում են.

«չկան հավերժական դաշնակիցներ ու բարեկամներ, կան շահեր»:

Իսկ Պուտինը Բաքվում սպասարկում է իր երկրի շահերը, որոնք այս պահին համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Այնպես որ պետք չէ նաև զարմանալ, որ նա կարող է 2004 թվականի Բեսլանի ահաբեկչությունից հետո ոչ մի անգամ չգնալ այնտեղ, ծաղիկներ չխոնարհել անմեղ զոհվածների հուշարձանի առաջ, բայց Բաքվում ծնկի գալ «Շեհիդների» գերեզմանների առաջ:

Չենք էլ զարմանում, որ նրա արտգործնախարար Լավրովը, ով ոչ վաղ անցյալում խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, հաստատում, որ «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում», որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995 թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը», որ «Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը», ով Երևանում խոսում էր Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների մասին, այսօր փաստացի Հայաստանին մեղադրում է Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասով սաբոտաժի, ապակառուցողականության ու սեփական ստորագրությունը չհարգելու մեջ, դրանով իսկ կանաչ լույս տալով Ադրբեջանին Սյունիքի վրա հարձակվելու համար:

Երբ նա Երևանին մեղադրում է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ, իր խոսքի հիմքում դնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը և մասնավորապես 9-րդ կետը, վերջինս մոռանում է, որ այդ հայտարարությունը վաղուց դարձել է ֆիկտիվ լակմուսի թուղթ:

Որ Հայաստանին սաբոտաժի մեջ մեղադրելուց առաջ վերջինս ճիշտ կաներ պատասխաներ այն հարցին, թե ո՞վ է նոյեմբերի 9-ի համաձայնության մյուս կետերը սաբոտաժի ենթարկել և ենթարկում, որի տակ կա թե՛ իր ղեկավար Պուտինի և թե՛ Ալիևի ստորագրությունները։

Որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անխտիր բոլոր կետերը ոտնահարված են, և որ ոչ մի կետը կյանքի չի կոչվել:

Որ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման և որ այն տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության ու նրանց լուռ համաձայնության պայմաններում:

Որ իր երկրի Պաշտպանության նախարարն էր, որ Թուրքիայի կոլեգա Հուլուսի Աքարին անթաքույց շնորհավորում էր համատեղ փայլուն օպերացիա իրականացնելու համար:

Արդյո՞ք նոյեմբերի 9-ի համաձայնության մեջ գրված էր, որ Արցախը պետք է ենթարկվեր ագրեսիայի և հայաթափվեր:

Արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայմաձայության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է օկուպացնի Ռուսաստանի դաշնակից երկրի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Արդյո՞ք փաստաթղթում գրված է, որ Բաքուն պետք է տասնյակ հայերի իր բանտերում պատանդ պահի։

Արդյո՞ք գրված չէ, որ կա մեկ միջանցք և այդ միջանցքը՝ «Լաչինի միջանցքն» է, որը պետք է գործեր անխափան:

Այս հարցերի պատասխանները Լավրովը բնականաբար գերազանց գիտի, սակայն դրանց պատասխանները տալու նպատակահարմարություն չունի:

Փոխարենը՝ Մոսկվան ու Բաքուն իրենց վերաբերող կետերն անտեսում են, իսկ 9-րդ կետը Հայաստանի դեմ օգտագործում որպես մահակ։

ՈՒ այսքանից հետո Լավրովը բարեհաճում է ասել, թե եռակողմ հայտարարությունն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը։

Ինչ խոսք՝ ծիծաղելի է, բայց դա է իրականությունը:

Սակայն այս հարցում, մասամբ կարելի է համամիտ լինել վերջինիս հետ:

Մարդն ասում է՝ ինչպես ուզում եք գնահատեք ու անուն դրեք, փաստ է, որ այդ հայտարարության մեջ առկա է Հայաստանի վարչապետի ստորագրությունը:

Հետևաբար՝ նա կրում է պարտավորություններ, որոնք պետք է կատարի:

Եվ այստեղ է հարցհարցոցը, թե ինչու՞ վարչապետ Փաշինյանն առ այսօր հետ չի կանչել իր ստորագրությունը և իր մասով չի դենոնսացրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ինչու՞ գոնե հիմա նա դա չի անում։

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ գոյություն չունի, անգամ, որ Թեհրանը դեմ է ռուսական որևէ վերահսկողության հայկական կոմունիկացիաներին, բայց մերոնք՝ ձայն բարբառո հանապատի:

Իհարկե, այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ պատասխանով, որը մասամբ ճիշտ էր ներկայացված, սակայն կրկին թերի ու ոչ ամբողջական:

Եվ հետո.

ու՞մ է պետք նման սրտաճմլիկ հրապարակախոսական պատասխանը, որը գործնականում ոչինչ չի ասում:

Անշուշտ, մենք ևս կարող ենք վիրտուալ տիրույթում «քլնգել» Լավրովին, նրան անարգանքի սյունին գամել:

Իհարկե, կարող ենք պնդել, որ Մոսկվան ու Բաքուն չեն կատարել Եռակողմ հայտարարության 9 կետերից 8-ը և այդ դեպքում արդարացված համարենք մեր կողմից 9-րդ կետի չկատարումը:

Սակայն սրանից իրականությունը չի փոխվում:

Բումերանգային մեղադրանքներով հարցերին լուծում չի տրվում: Դա անիմաստ զբաղմունք է ու ժամավաճառություն:

Սա պետական տիրույթում է, որտեղ ՀՀ վարչապետը հիմնավորելով վերը թվարկածներս պետք է հանդես գա նոյեմբերի 9-ի հայտարարության դենոնսացման մասին հայտարարությամբ:

Իսկ եթե ստանա պատասխան, առ այն, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը, եթե անգամ չեն կատարել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, Հայաստանը չի կարող միակողմանի հրաժարվել այդ փաստաթղթից, որովհետև հրադադարի կամ խաղաղության այլ փաստաթուղթ կամ իրավակարգավորում առ այս պահը ձեռք չի բերվել այլ հարթակներում, ապա պետք է պատասխանել, որ իրավաբանորեն այն կարող է միակողմանի լուծարվել, առանց որևէ պարտավորությունների առաջացման:

Մանավանդ, երբ հիմնավորվում է նրա անկենսունակությունն ու խախտված լինելը, ինչպես նաև այն, որ ստորագրող երկրների և ոչ մի օրենսդիր մարմնով այն չի վավերացվել:

Սակայն դենոնսացման հայտարարությունն ինքնին հղի է ռիսկերով, անգամ պատերազմի ու էքսպանսիաների հավանականությամբ:

Այն էսկալացիայի շարժառիթ կարող է դառնալ:

Բաքուն արդեն իսկ ակնարկում է այդ մասին:

Էլ չեմ ասում, որ Հայաստանը կներկայացվի որպես ապակառուցողական երկիր, որն իբր վիժեցնում է խաղաղ գործընթացն ու ստանձնած պարտավորությունները:

Իհարկե հասկանալի է, որ ամեն դեպքում, թուրք-ադրբեջանա-ռուսական տանդեմն անելու է իր սև գործը:

Անկախ նրանից, թե Հայաստանն ինչ դիրքորոշմամբ հանդես կգա:

Եվ այս համատեքստում Փաշինյանին մնում է՝ կա՛մ ինքնակամ տալ միջանցք Ռուսաստան - Թուրքիա - Ադրբեջան եռյակին, կա՛մ շարունակել իր թռի-վռի, անհոգ կենցաղն ու մի առավոտ պայմանավորված պատերազմով տալ միջանցքը, կա՛մ քաղաքական կամք դրսևորել ու հետ կանչել ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Եթե ստորագրությունը մնում է, ապա Փաշինյանը տալու է միջանցքը։

Տալու դեպքում էլ խիստ հավանական է, որ այն մարսելու է:

Ինչպես այս ամենն է մարսում:

Մանավանդ՝ համատարած ապատիայի ու հանդուրժողականության ֆոնին:

Մարսելու է, որովհետև ով գոռում էր՝ «հաղթում ենք», պարտությունից հետո գոռում է՝ «դե մեկ ա, պտի տայինք», «պարտությունը խեղճ վարչապետիս ջեբը գցեցին», «աշխարհը Փաշինյանին գցել է»:

ՈՒ այդ «արդարացված ալիբիով» հիմա էլ շարունակելու են՝ «կեր խմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտիդ տակ» ու «աշխարհը մերնա, մերնա, աշխարհում ամեն մի հայ, աշխարհի տերնա» երգել ու ինքնամոռաց պարել ֆեստիվառներում:

Առհասարակ, բազմիցս եմ ասել, որ վաղ թե ուշ ՌԴ-ն գալու էր նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետևից, իսկ մինչ այդ Հայաստանը ժամանակ է ձգձգելու:

Իսկ թե ինչու է ձգձգում՝ պատասխանը տալիս է ոմն տխրահռչակ ու ողորմելի նախկին վարչապետ՝ ասելով.

«ես ռազմական մասնագետ չեմ, բայց երբեմն զրուցում եմ Արծրունի հետ»: Եվ ես գիտեմ, որ «ՀՀ-ն ժամանակ է ձգում, որպեսզի սպառազինություն ձեռք բերի», «ՀՀ-ն զենքեր է ձեռք բերում, որոնց հակազդեցությունը Բաքուն չունի: Ալիևը Պուտինի օրը կընկնի, եթե հարձակվի»:

Հետո էլ իշխանական տաշտամանից օգտվող ու նրան անվերջ քծնող այս աննորմալ պոռոտախոսը, ով ի լուր աշխարհի բարձրաձայնում է, թե Հայաստանն ինչով է զբաղված, սրան-նրան մեղադրում է ռևանշիզմի ու ապակառուցողականության մեջ:

Այսպիսով՝ աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարը տարածաշրջանում Արաքսի հովտի 42 կմ-ի վերահսկողության շուրջ շարունակվում է։

Այս հարցում նրանց մոտ կա նաև կոնսենսուս, որ ճանապարհներն ապաշրջափակվելու են:

Օ՛Բրայենն իր հերթին չի թաքցնում, որ միջին միջանցքը, որի մաս է «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար գերակայություն է։ Վերջինիս ասածից ենթադրվում է, որ այդ միջանցքը սովորական կոմունիկացիա չի լինելու։

Դե իսկ Ռուսաստանի ցանկություններն էլ արտացոլված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Այսինքն՝ աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության թեման էլ հենց սա է, թե ով է որոշակի էլեմենտներ կամ ամբողջական վերահսկողություն ունենալու Սյունիքով անցնող այդ 42 կմ-ի վրա։

Իհարկե, դեռ հայտնի չէ այն օրը, թե երբ է իրականացվելու հարձակումը, եթե խաղաղ ճանապարհով, հեգեմոնների քմահաճույքները բավարարելով հարցին լուծում չտրվի:

Բայց փաստ է այն, որ Ռուսաստանի վրա է դրված Հայաստանի վրա հարձակման դեպքում Իրանի չեզոքության ապահովումը։

Փաստ է նաև այն, որ Հայաստանը կառավարող ներկա արկածախնդիր պատեհապաշտների ջանքերով է միայն, որ Հայաստանը մոտալուտ հարձակման նախաշեմին մնալու է միայնակ, առանց որևէ դաշնակցի։

Իհարկե, հետագայում արհավիրքների ու դժբախտության մեջ կմեղադրեն բոլորին՝ անտեսելով այն ճշմարտությունը, որ բոլոր մեղքերի ու սխալների ակունքները սեփական տգիտությունն ու դիլետանտությունն է։

Մինչ Ալիևը հանդիպում է Էրդողանին, Պուտինին, Սի Ցզինպինին, ԵՄ գազ ու նավթ է արտահանում, Արցախում քաղաքներ ու գյուղեր, միջազգային օդանավակայաններ է կառուցում, ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ ներկայացնում ու իր երկրում COP 29 անցկացնում, զուգահեռ իրականության մեջ վարչապետ Փաշինյանը «հեծոշուո» է անցկացնում, տոլմա-խաշլամա խնջույքափարթի է անում, տիկնոջ լոբի մաքրելու նուրբ շարժումներն ու աննորմալ խինդուծիծաղն է լուսաբանում, «լոքշից» տիկ-տոկում ու ֆեյսբուքում է չափչփում, մուսան ու պաթոսն էլ երբ գալիս է, անհոդաբաշխ բառակույտեր է սպրդում, անունն էլ բանաստեղծություն դնում:

ՈՒ մինչ նրա ոտանավորի իրական Հայաստանը դառնում է առասպել, առասպելական Ադրբեջանը դառնում է իրականություն:

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պետք է ասի, որ Ադրբեջանը շուտով հարց է բարձրացնելու, որ Զանգեզուրն ու Սևանն անօրինական են փոխանցվել Հայաստանին։

Որքան էլ աբսուրդ է այն մեզ համար, միևնույն է, Փաշինյանին պետք է հարցնել, թե հիմա Սյունիքն ու Սևանը մտնու՞մ են իրական Հայաստանի մեջ, թե՞ դրանք էլ են պատմական Հայաստանի մաս։

Ադրբեջանն այսօր պետական մակարդակով հիմն է նաև գրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ու «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ցույց տալով իրենց անթաքույց զավթողական ու առավելապաշտական նկրտումները։

Իսկ զուգահեռ իրականության մեջ ՀՀ կառավարության ղեկավարը դպրոցի աշակերտներին ստում է՝ ասելով, թե այդ սյունը, որն ինքը ֆետիշացնում է՝ փրկելու է երեխաներին ու մեր պետությունը Ադրբեջանի զավթողական ծրագրերից:

ՈՒ այս ամենը մարսում ենք, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք սպառնալիքներ, երբ տեսնում ենք, թե ինչպես է ողջ Արցախը վերածվում պլացդարմի, որ

Քելբաջարում տեղակայվել են իսրայելական «Lora» հրթիռակայաններ, բելառուսական «Полонез» և ռուսական «Солнцепёк» հրթիռներ, որոնք ուղղված են հայկական քաղաքներին և նշանակետերը հասնում են մինչև Հրազդան ու Չարենցավան։

Այս ամենի ականատեսը լինելով, հասկանում ես, որ մենք ուղղակի ապրում ենք մի դառը իրականության մեջ, որտեղ սուտը դարձել է պետական քաղաքականություն, իսկ վտանգները կանխելու համար որևէ իրական քայլ չի ձեռնարկվում։

Այսպիսով՝ Ադրբեջանն ակնհայտորեն ուռճացնում է Հայաստանի զինվելու թեման և հող նախապատրաստում մեծ հարձակման համար՝ ուղիղ ասելով, որ պատերազմի է գնում, իսկ Հայաստանի իշխանություններն ընտրել են ջայլամի քաղաքականությունը՝ ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում։

Հետևենք զարգացումներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 7538

Մեկնաբանություններ